ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ոչխարաբուծությամբ զբաղվող առաջատար երկիր դարձնելու և տոհմային ոչխարաբուծության կայուն զարգացումը խթանելու նպատակով բացվել է  «Հայաստանի տոհմային ոչխարաբույծների ասոցիացիա»:

«Հայաստանի տոհմային ոչխարաբույծների ասոցիացիա»-յի ստեղծմանը նվիրված համաժողովի ընթացքում, մասնակից անդամների կողմից կազմակերպված փակ քվեարկության և ձայների մեծամասնության արդյունքում ասոցիացիայի նախագահ է ընտրվել դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Տիգրան Չիթչյանը։

 ՀՀ-ում տոհմային ոչխարաբուծության ասոցիացիայի ռազմավարությունը մշակվել է ICARE հիմնադրամի համակարգմամբ, ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԶԾ-ի կողմից։

ICARE Հիմնադրամի ծրագրերի համակարգող Աննա Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում տոհմային ոչխարաբուծության ասոցիացիայի ռազմավարության տեսլականն է Հայաստանը դարձնել  ոչխարաբուծությամբ զբաղվող առաջատար երկիր՝ միաժամանակ խթանելով տոհմային ոչխարաբուծության կայուն զարգացումը: Այս տեսլականին հասնելու համար ասոցիացիան պետք է միավորի տոհմային ոչխարաբուծությամբ զբաղվող խոշոր և մանր ոչխարաբույծներին, հետազոտողներին, կրթական հաստատություններին, պետական կառույցներին և ոլորտի գործընկերներին՝ խթանելու Հայաստանում տոհմային ոչխարների բուծումը, կառավարումը և շուկայավարումը:

«Առաջադրված նպատակի համաձայն ասոցիացիան  կապահովի անդամների կրթությունն ու ուսուցումը, կպաշտպանի տոհմային ոչխարաբույծների շահերը և կաջակցի ոչխարաբուծության տնտեսական կենսունակության ապահովմանը»,- ասաց նա:

EU-GAIA ծրագրի համակարգող Կարեն Հարությունյանն էլ կարևորելով ասոցիացիայի դերը  նշեց, որ այն  գործունեություն կիրականացնի մի քանի  ուղղություններով. առաջինը՝ շուկայահանում և շուկայավարում (ներառյալ ապրանքատեսակի ճանաչելիություն և վաճառք):

«Այս բաղադրիչով  կսահմանվի թիրախային շուկան, կմշակվի ապրանքանիշի ռազմավարությունը, կապահովի առցանց հասանելիություն, կկազմակերպվեն ոլորտային միջոցառումներ ու էքսպոներ, կիրականացվեն վերապատրաստումներ, կձևավորվեն համագործակցություններ այլ կազմակերպությունների հետ ու կիրականացվեն մշտադիտարկում ու շուկայի վերլուծություն: 

Հաջորդը՝ կիրականացվի կրթություն և վերապատրաստում. Այս բաղադրիչը նպատակ ունի անդամներին կրթել տոհմային ոչխարների բուծման, կերակրման, խնամքի լավագույն փորձի թեմաներով: Ինչպես նաև  ոչխարաբուծության  հիվանդությունների կանխարգելման և կառավարման վերաբերյալ բարձրացնել անդամների հմտություններն ու գիտելիքները: Այդ բաղադրիչով  կիրականացվեն նաև մարքեթինգի, արտադրողականության ու եկամտաբերության բարձրացման ուսուցումներ: Կտրամադրվի տեխնիկական աջակցություն՝ ներառյալ ներքին հավաստագրում, բոնիտավորում և տոհմային գրանցամատյանների վարում, տոհմային ոչխարների տվյալների համալիր գնահատում և այլ ծառայություններ»,- ասաց Հարությունյանը:

 Նա ընդգծեց, որ նաև կիրականացվի կայուն պրակտիկաների խթանում՝ ներառյալ մորթու, կաշվի, բրդի և այլ ապրանքների իրացման կազմակերպում: Այս բաղադրիչով կաջակցեն ասոցիացիայի անդամներին դիվերսիֆիկացնել եկամուտները, կնպաստեն տոհմային ոչխարների արժեքի առավելագույն բարձրացմանն ու կխթանեն կայուն գործելակերպի կիրառմանը:

«Տոհմային ոչխարների ասոցիացիայի այս բաղադրիչը կարևոր դեր է խաղում ոչխարների ցեղերի գենետիկական բարելավման, ինչպես նաև՝ շուկայավարման գործում»,- ասաց նա:

Ծրագրի շահագրգիռ կողմերը լիահույս են, որ ասոցիացիան մեծ նպաստ կունենա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության առանցքային ճյուղի՝ ոչխարաբուծության զարգացման գործում,  որից  ստացվող հումքի և մթերքների արժեքը տատանվում է տարեկան շուրջ 50 մլրդ դրամի սահմաններում, և սա այն դեպքում, երբ առկա բնակլիմայական և շուկայական նպաստավոր պայմանները լավ նախադրյալներ են կրկնակի և ավելի անգամ արժողությամբ արտադրանք ստանալ: Հայաստանում տոհմային ոչխարաբուծության ասոցիացիային կարող են անդամակցել անհատներ և կազմակերպություններ, որոնք հետաքրքրված են երկրում տոհմային ոչխարների բուծմամբ, արժեշղթայի կառավարմամբ, շուկայավարման խթանմամբ ու աջակցությամբ:

Նյութի աղբյուր Արմենպրես