Վերջին տարիներին տոհմային մանր եղջերավոր անասունների ձեռք բերման նպատակով պետական աջակցության տարբեր ծրագրեր են մշակվում։ Դրանք փորձում են խթանել այծաբուծությունն ու ոչխարաբուծությունը, բերալավել կենդանիների գենոֆոնդը՝ բարձրացնելով մթերատվության  որակական հատկանիշները: Ծրագրերից մեկի շրջանակում Հայաստանում այժմ ֆրանսիական մսատու ցեղատեսակի ոչխարներ են բուծվում:

Երկար տարիներ ոչխարաբուծությունն ու այծաբուծությունը Հայաստանում համարվել են անասնաբուծության ոչ շահութաբեր ուղղություն, իսկ վերջին տարիներին ռազմավարական նոր ծրագրեր են մշակվում իրավիճակը փոխելու  համար: Հայաստանում տարածված են արագած ու մարտունի ոչխարների ցեղատեսակները, որոնք, մասնագետների կարծքով,   տարբեր խաչասերումներից կորցրել են գենետիկական հատկանիշները: Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում Ռազմիկ Պողոսյանը երկար տարիներ զբաղվում է ոչխարաբուծությամբ, շուրջ 200 գլուխ ոչխար ունի: Գյուղում արոտ չլինելու պատճառով հոտը  սարերում են պահում:

«Տարի է լինում գլխաքանակն ավելացնում ենք, տարվանից է կախված. օրինակ՝ անցած տարի գառները չծախվեցին, պահեցինք: Հիմնականում ոչխարները պահում ենք,  5-6 ամսական գառները՝ ծախում: Մեր տեղական կարմիր ոչխարներն են»:

Տեղական 5-6 ամսական գառների քաշը մոտավորապես 10-12 կգ է։ Ռազմիկն ասում է, որ հիմա բրդի ու կաթի պահանջարկը քիչ է. սարերում հովիվներն են կաթը մշակում, բուրդն էլ այրում: Կենդանիների անկում լինում է։

«Այս տարի ոչխարները ծաղիկ հիվանդությամբ վարակվեցին, շատ սատկեցին, շատ բուժումներ ենք արել: Կենդանիների կորուստը շատ է՝ գայլն է տանում,  կորում է»:

Ոչխարաբուծությունը խթանելու նպատակով  ԵՄ  «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ անցած տարի Հայաստան են ներկրվել Ֆրանսիական  բլանշ և նուաղ դը վալետ տոհմային  սպիտակ ու սև ցեղատեսակի մսատու ոչխարներ, որից 32 գլուխը ձեռք է բերել Շիրակի մարզի Ազատան գյուղից  անասնաբույժ Վարդան Պապոյանը.

«Մեր տեղական ոչխարների միսն ավելի ճարպոտ է,  դմակով են՝ ճարպապոչավոր, իսկ Բլանշ ցեղատեսակինն առանց դմակի է, պոչով ու միսը համարվում է դիետիկ՝ ճարպից զուրկ է»:

Ֆրանսիական ցեղատեսակների արտադրողականությունն ավելի բարձր է, քան տեղականինը: Բլանշներից զույգեր ու եռյակներ են ծնվում, 6 ամսական գառը կշռում է մինչև 40 կգ: Վարդան Պապոյանը փորձում է  արհեստական սերմնավորմամբ  բարձրացնել տեղական ցեղերի որակը: Ազատանում հիմնել է «Մաքի» ոչխարաբուծության գենետիկ կենտրոն: Զբաղվում են  ֆրանսիական բլանշ ցեղատեսակի  ոչխարների բուծմամբ:

Ձայն3 «Առավելությունն այն է, որ պտղատվությունը կազմում է 1.8 տոկոս, այսինքն՝ եթե 100 ոչխար ծնի կստանանք 180 գլուխ գառ, ծնվում են զույգեր ու եռյակներ, իսկ մեր հայկական 100-ից կծնվի մինչև 110-120 գլուխ գառ, դա լավագույն դեպքում: Հայկական ոչխարները դմակով են, դրա համար էլ արհեստական սերմնավորում ենք անում, որպեսզի գենետիկական հատկանիշները բարելավվենք, մսի որակը բարձրանա: Մենք արդեն ունենք խառնածին գառներ՝ 180 գլխից ծնվել է 160 գլուխ»:

Ազատանի կենտրոնում արդեն ստացել են ֆրանսիական մաքրացեղ  բլանշ տեսակի 113 գլուխ գառ: Այս ցեղատեսակները  լավ են հարմարվել մեր բնակլիմայական պայմաններին, քանի որ ներկրվել են Ֆրանսիայի լեռնային շրջաններից: Անասնաբույժն ասում է՝  բլանշների միսը համ ու հոտ չունի։

«Մյուս առավելությունը՝ գառան ու 3 տարեկան ոչխարի մսի տարբերություն չկա, թեկուզ լինի 4-5 տարեկան խոյ, մաքի կամ գառ՝ նույն որակի միս ունեն: Հատուկ կեր չի պահանջում՝ արոտավայրի խոտն է, հիմա ամառանոցում են,  իսկ ձմռանը՝ եգիպտացորենի սիլոս ենք տալիս, մասնագիտացված կերեր»:

Ազատանի «Մաքի» ոչխարաբուծության գենետիկ կենտրոնի լաբորատորիայում  ստանում և պահում են տոհմային անասունների խորը սառեցված սերմանահեղուկները, որոնք արհեստական սերմանվորում են նաև լապարասկոպիկ եղանակով: Գենետիկական ռեսուրսների բազմազանությունը կենդանիների նոր ցեղերի ստեղծման հիմք կարող է դառնալ, իսկ կենտրոնում Վարդան Պապոյանը փորձում է պահպանել նաև հայկական արագած ոչխարների ցեղը։

«Մի կերպ ենք ճարել մեր հայկական Արագած ցեղատեսակի ոչխարներ, որոնք արդեն ոչնչացման եզրին են կանգնած: Ուղղակի փորձում ենք պահպանել մեր հայկական տեսակը, 20 գլուխ մաքի ենք ճարել, դարձրել՝ 30 գլուխ: Սրանք կաթնատու և բրդատու տեսակ են, թեպետ չենք կթում: Իսկ ֆրանսիական բլանշները բրդատու ու կաթնատու չեն»:

Գենետիկական կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով ու սառնարանով: Անասնաբույժն ասում է, որ մսի վաճառքում նույնպես փորձելու են նոր մշակույթ ձևավորել՝ միսը վաճառելու են վակուում-փաթեթներով: